Գուսան Հայկազուն 65
Ապր 20, 2016ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ /Գագիկ Ստեփանի Նազարյան/ ծնվել է 1951թ-ի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում: Հայ գուսան, երգահան, երգերի հեղինակ, երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, կամավորների միության անդամ:
Դպրոցական տարիներից սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր: Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով ուսուցչի շնորհիվ է, որ նա սկսել է հայրենասիրական երգեր գրել: Դպրոցն ավարտելուց հետո 1967 թվականին ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկումը: Մասնագիտությանբ շինարար-ինժեներ է: Երիտասարդ տարիներին ոգեշնչվել է Հ. Շիրազի բանաստեղծություններով: Գուսանն իր կեղծանունն ընտրել է ի պատիվ Հայկ Նահապետի: Ըստ գուսանի, իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և այնտեղ մոտիվներ չկան:
Իր «Հայկազունք» երաժշտական համույթի հետ ամեն տարի Հայաստանի (այդ թվում նաև Արցախի) ավելի քան 40 դպրոցներում համերգներ է տալիս, ինչպես նաև տարին մի քանի անգամ սփյուռքում:
Արցախյան շարժում
Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում,Կապանում, Գորիսում, Բերձորում: Ծանր մարտերին չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում: Ըստ գուսան Հայկազունի, նա մեկ անգամ տեսել է մինիին: Հետագայում, մոտիկ շփվել է Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հետ և մինչև հիմա կապ է պահպանում նրա ընկեր՝ Ալեք Ենիգոմշյանի հետ: Առաջին օրերից միանալով Արցախյան շարժմանը, մեկ շաբաթվա ընթացքում գրել է իր առաջին՝ «Հայեր, միացեք» երգը։ Առաջին անգամ կատարել է այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում: Այդ երգի գործիքավորումը և հեռուստատեսությամբ առաջին կատարումը արել է սասունցի Սահակ Գալոյանի (Սուսաննա Սիրադեղյանի ամուսինը) գլխավորած «Զորավար Անդրանիկ երգչախումբը:
Երգեր
Գրել է և կատարում է ավելի քան հարյուր երգ, որոնցից ավելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը ընդունել է որպես բանակային քայլերգ.
- Հայեր, միացեք
- Գետաշեն
- Հպարտ գնացեք (1992)
- Մուսա լեռան
- Վերականգնվիր, Կիլիկիա
- Պիտի գնանք (1989[2])
- Մաղավուզի Կարոյի երգը
- Պարիր, արցախցի
- Մոնթե Մելքոնյան
Պարգևներ
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (կոչումը շնորհվել է 2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար):
- ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալ և շնորհակալագիր:
Հետաքրքիր փաստեր
- «Պիտի գնանք» երգը (1989) գուսան Հայկազունի համար ամենասիրվածն է իր երգերից։
- Գուսանը ծանոթ չէ նոտաներին, չունի երաժշտական կրթություն, չի կատարում ոչ մի երաժշտական գործիքով: