Մեր մասին
ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն
2001թ. հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 119 որոշումով գրանցվեց ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպության կանոնադրությունը /այսուհետ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ/:
ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-Ը ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետութան տարածքում ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ օրենքի /63-64 հոդվածներ/, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով:
Հիմնական խնդիրներն են`
- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումն այն դեպքերում, երբ դրանց գործնական իրականացումն անհատապես դժվար է, օրինակ` ստեղծագործությունների հրապարակային կատարումը, ներառյալ ռադիո-հեռուստատեսությամբ հաղորդումը, մեխանիկական ձայնագրության միջոցով վերարտադրությունը, վերատպությունը և այլն,
- հեղինակների /նրանց իրավահաջորդների/ օրինական շահերի ներկայացումը դատարանում, պետական և ոչ պետական ու հասարակական մարմիններում, կազմակերպություններում` նրանց կողմից տրված լիազորությունների շրջանակում,
- ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հետ լիցենզային պայմանագրերի կնքումը, կողմերի հետ համաձայնեցնելով օգտագործման և վարձատրության պայմաններն օրենքով սահմանված կարգով:
Հիմնական գործառույթներն են`
- լիցենզային պայմանագրերով նախատեսված հեղինակային վարձատրության օրենքով սահմանված կարգով հավաքում, բաշխում և հեղինակներին վճարում,
- հեղինակների և նրանց օգտագործվող ստեղծագործությունների հաշվառում և գրանցում,
- իր անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ բանակցությունների վարում և համաձայնագրերի կնքում,
- հեղինակների և նրանց ստեղծագործությունների տվյալների բանկի ստեղծում:
Անդամներ կարող են լինել
- հեղինակները /նրանց իրավահաջորդները/, ովքեր համաձայն են կազմակերպությանը փոխանցել իրենց գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման գործառույթը,
- օտարերկրյա հեղինակները, նրանց իրավահաջորդները:
Անդամակցությունը հաստատվում է հեղինակի և կազմակերպության միջև գրավոր կնքված համապատասխան պայմանագրով:
ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն ունի հետևյալ կառուցվածքը.
- հեղինակային խորհուրդ` հեղինակային խորհուրդն ընդգրկում է գրականության, գիտության և արվեստի ոլորտի ակնառու գործիչների,
- տեսուչների և արտաքին կապերի բաժին` ապահովում է հայ և օտարերկրյա հեղինակների իրավունքի իրավական պաշտպանություն, տալիս է լիցենզիա օգտագործող կազմակերպություններին, կնքում համագործակցության պայմանագրեր օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ,
- փաստաթղթերի և հոնորարի բաշխման բաժին` վարում է ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հաշվառումը, իրավատերերի և ստեղծագործություների գրանցումը, ինչպես նաև ստեղծագործությունների օգտագործման բոլոր ձևերի համար նրանց հասանելիք հոնորարի հաշվարկումն ու բաշխումը ,
- հաշվապահական բաժին` ապահովում է հեղինակներին /իրավահաջորդներին/ հասանելիք հոնորարի վճարում և կազմակերպության հիմնական գործունեության պլանավորումն ու ֆինանսավորումը:
ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն անդամակցում է Հեղինակների և Կոմպոզիտորների Ընկերությունների Միջազգային CISAC Կոնֆեդերացիային 2001թ. դեկտեմբերից, որը համագործակցում է 110 երկրի 215 կազմակերպությունների հետ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը հանդիսանում է CISAC Կոնֆեդերացիայի լիարժեք անդամ:
Ներկայումս ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը համագործակցության պայմանագրեր է ունի 45 արտասահմանյան և ԱՊՀ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ, ստեղծագործությունների օգտագործման վճարող կազմակերպությունների /թատերա-համերգային, հեռարձակող, ռեստորաններ և ձայնագրման ստուդիաներ/ 470 լիցենզային պայմանագիր և գույքային իրավունքների կառավարման պայմանագիր` շուրջ 1505 հեղինակի հետ: