Մեր պատմությունը
Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները Հայաստանում
Դեռևս 1930թ. Հայաստանում ընդունվեց «Հեղինակի իրավունքի կանոնադրություն»-ը, որը հեղինակային իրավունքի մասին առաջին փաստաթուղթն էր և իր հիմնական դրույթներով նախատեսում էր հեղինակի իրավունքի պահպանություն և ստեղծագործությունների օգտագործման համար հեղինակին հասանելիք վարձատրություն:
Որոշումը իրականացնելու համար անհրաժեշտ էր մի մարմին, որը հեղինակի կողմից և նրա թույլտվությամբ ստեղծագործության առաջին հրապարակումից հետո կհսկեր դրա օգտագործման ընթացքը, բանակցություններ կվարեր ստեղծագործություններն օգտագործող կազմակերպությունների հետ` օգտագործման պայմանների և վարձատրության վերաբերյալ, կիրականացներ հեղինակին հասանելիք հոնորարների հավաքումը և կհասցներ այդ գումարները հեղինակներին, այլ խոսքով կկառավարեր հեղինակների գույքային իրավունքները:
1933թ Հայաստանում բացվեց Անդրկովկասի դրամատիկական գրողների և կոմպոզիտորների կոմիտեի հայաստանյան մասնաճյուղը Հայդրամկոմը: Այն հեղինակներին համախմբող և ներկայացնող առաջին կազմակերպությունն էր, որը Հայաստանում պահպանում էր հեղինակների իրավունքները, հետևում դրամատիկական /պիեսներ/, դրամատիկա-երաժշտական /օպերա, օպերետ, բալետ/ և տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարման ընթացքին, և օգտագործող կազմակերպություններից հավաքում էր հեղինակներին հասանելիք հոնորարները:
Հետագայում, Մոսկվայում ստեղծվեց Հեղինակների իրավունքների պահպանության համամիութենական վարչությունը, / ՎՈՒՕԱՊ,1937թ., դեկտեմբեր/, որի հայաստանյան մասնաճյուղը դարձավ մեզ արդեն հայտնի Հայդրամկոմը: Երկար տարիներ այն գործում էր որպես ՎՈՒՕԱՊ-ի հայկական բաժանմունք: 1973 թվականին, երբ ԽՍՀՄ-ը անդամակցեց 1952թ. Ժնևի` Հեղինակային Իրավունքի Համաշխարհային կոնվենցիային, Մոսկվայում ստեղծվեց Հեղինակային Իրավունքի Համամիութենական գործակալությունը /ՎԱԱՊ/, որն իր մասնաճյուղերը բացեց բոլոր հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում:
ՎԱԱՊ-ը հեղինակների իրավունքները ԽՍՀՄ տարածքում իր հանրապետական բաժանմունքների միջոցով պահպանելուց բացի, բազմազգ մշակույթը ներկայացնում էր արտերկրում, աջակցում մշակութային արժեքների փոխանակմանը, ներկայացնում հեղինակների իրավունքներն ու շահերը արտերկրում և, ընդհակառակը` պաշտպանում էր արտերկրի հեղինակների իրավունքներն ու շահերը ԽՍՀՄ տարածքում, կնքում ստեղծագործությունների օգտագործման թույլտվության պայմանագրեր /լիցենզային/, ինչպես նաև արտերկրի գործընկերներին ապահովում էր Խորհրդային Միության հեղինակների նոր ստեղծագործությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ, օժանդակում արտերկրի հեղինակների ստեղծագործությունների մասին տեղեկատվության տարածմանը:
Հայաստանում այս խնդիրներն իրականացվում էին ՎԱԱՊ-ի հայկական հանրապետական մասնաճյուղի միջոցով, որը գործեց մինչև 1992թ.: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լուծարվեց նաև ՎԱԱՊ-ի հայկական մասնաճյուղը Անհրաժեշտ էր ստեղծել հանրապետական մի մարմին, որն իր իրավասության տակ կվերցներ ոլորտը և կիրականացներ հայ հեղինակների իրավունքների պահպանությունը ՀՀ տարածքում: Այդ նպատակով, ՀՀ Կառավարության 1993թ. դեկտեմբերի 27-ի թիվ 645 որոշումով ստեղծվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը /ՀԻԱԳ/, որը գոյատևեց մինչև 2002թ. մարտ ամիսը:
Գործակալության հիմնական խնդիրներն էին.
- հեղինակային և հարակից իրավունքների պահպանության ապահովում Հայաստանի տարածքում, ոլորտի համար նոր օրենսդրական բազայի ստեղծում,
- գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների հրապարակային կատարման, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի երկերն արդյունաբերության մեջ օգտագործելու, ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու համար հեղինակային հոնորարի հավաքում և վճարում հեղինակներին:
Առաջադրված խնդիրները հրամայաբար պահանջում էին, որպեսզի ՀՀ Հեղինակային իրավունքի ազգային գործակալությունը միաժամանակ իրականացներ երկու կարևոր գործառույթ, ստեղծել հեղինակային և հարակից իրավունքների նոր ուղղություն և նոր հունի մեջ դնելով կիրարկել այն գործնականում: Այս երկու կարևոր խնդրի իրականացումը մեկ պետական կառույցի միջոցով բացարձակապես բնորոշ չէ եվրոպական և ամերիկյան պետություններին: Վաղուց ի վեր, գրեթե մեկ հարյուրամյակ, Եվրոպայում և Ամերիկայում գոյություն ունեն առանձին ոչ պետական կազմակերպություններ, որոնք հեղինակներից ստացված լիազորությունների հիման վրա իրականացնում են հոնորարի հավաքումն ու հեղինակներին վճարումը: Սակայն ետխորհրդային շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, ընտրեցին այլ ճանապարհ, որը ճիշտ էր 90-ական թվականների սկզբի համար: Չի կարելի կառավարել հեղինակների իրավունքները չունենալով օրենսդրական բազա: Բայց հոնորարի հավաքման-վճարման գործընթացը մինչև նոր օրենսդրական հիմքերի ստեղծումը դադարեցնելն այդ ժամանակների համար անմտություն կլիներ: Հայաստանի ստեղծագործողներն, ավելի քան երբևէ, կարիք ունեին վարձատրվելու իրենց ստեղծագործությունների օգտագործման համար: 90-ականների սկզբի և կեսերի տնտեսական ծանր պայմանները ստիպեցին կոմպոզիտորներին, դրամատուրգներին, գրողներին, նկարիչներին և մյուս ստեղծագործողներին թակել նորաստեղծ գործակալության դուռը, որի իրավաբանական հասցեն ՎԱԱՊ-ի լուծարումից հետո էլ չէր փոխվել, և պահանջել իրենց հասանելիք հոնորարները: Ինչևէ, երկու տարբեր գործառույթների միաձուլումը մեկ պետական սեկտորում անհրաժեշտ պայման էր պահպանելու այն դրականը, որ նկատվում էր դեռ խորհրդային ժամանակներում:
Կար ևս մեկ հոգեբանական պատճառ` այդ ժամանակաշրջանում առաջին հերթին հենց պետական գործակալություն ստեղծելու նպատակահարմարության առումով Խորհրդային իշխանության տարիներից ի վեր մարդկանց մոտ վստահություն կար բացառապես պետական կազմակերպությունների հանդեպ, և տարիներ էին պետք ոչ պետական կառույցների ստեղծման անհրաժեշտությունը գիտակցելու, դրանց հանդեպ վստահություն արմատավորելու համար: 90-ական թվականների վերջին անհրաժեշտություն առաջացավ առանձնացնելու գործակալության երկու գործառույթները և ստեղծելու նոր, ոչ առևտրային, ոչ պետական կառույց, որը կզբաղվեր միայն հեղինակների նոր օրենքով նախատեսված իրավունքների գործնական իրացմամբ: Այդ կառույցը հանդիսացավ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպությունը: