Օգտագործողներ
ՀԱՅՀԵՂԻՆԱԿի համար վճարող կազմակերպություններ են համարվում համերգներ և այլ հրապարակային կատարում իրականացնող կազմակերպությունները, եթեր հեռարձակող կազմակերպությունները, ստեղծագործություններ վերարտադրող, վարձույթով տվող, թվային միջավայրում օգտագործող և այլ ձևերով օգտագործող կազմակերպությունները:
Ավելի մանրամասն`
1.Թատրոններ
2.Համերգասրահներ
3.Կրկես
4.Ռադիոընկերություններ
5.Հեռուստաընկերություններ
6.Մալուխային օպերատորներ
7.Կինոսրահներ
8.Ակումբներ, պարահրապարակներ
9.Գովազդային գործակալություններ
10.Հասարակական վայրեր
11.Վերարտադրող կազմակերպություններ
12.Հյուրանոցներ
13.Ռեստորաններ,սրճարաններ, դիսկոսրահներ
14.Առևտրային կազմակերպություններ
15.Մարզային և պարային համալիրներ
16.Օգտագործողներ թվային միջավայրում /րինգտոն, ռեալտոն,րինգբեկտոն/
17.Վարձույթի օբյեկտներ
18.Այլ օգտագործողներ
Նվազագույն դրույքաչափերի մասին Որոշումը հաստատված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 11 հունվարի 2007թ., վերաբերվում է ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
լիցենզային պայմանագիր կնքելու և հեղինակային վարձատրություն վճարելու վերաբերյալ
Սույնով Ձեզ ծանուցում ենք, որ որպես հասարակական միջոցառումներ (համերգներ) կազմակերպող, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն Դուք պարտավոր եք «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպության (այսուհետ` ՀԱՅՀԵՂԻՆԱԿ) հետ կնքել լիցենզային պայմանագիր և վճարել ՀՀ Կառավարության 11.01.2007թ.-ի N506-Ն որոշմամբ նախատեսված հեղինակային վարձատրություն:
Իրավական հիմնավորումներ
Ձեր ընկերության կողմից կազմակերպված հասարակական միջոցառումների ընթացքում օգտագործվում են երաժշտական ստեղծագործություններ: Նման օգտագործումն Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված է որպես հրապարակային կատարում:
Նույն Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որևէ երաժշտական ստեղծագործության (երաժշտության և (կամ) խոսքերի) հեղինակը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց թույլատրել կամ արգելել իր ստեղծագործության օգտագործումը, այդ թվում՝ հրապարակային կատարման եղանակով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հեղինակն իրավունք ունի ստեղծագործության օգտագործման դիմաց ստանալ հեղինակային վարձատրություն։
Տվյալ դեպքում, Ձեր ընկերության կողմից հասարակական միջոցառումների ընթացքում երաժշտական ստեղծագործությունների օգտագործումը հանդիսանում է հրապարակային կատարում (տես` Օրենքի 20-րդ հոդվածը): Հետևաբար Օրենքը Ձեզ պարտավորեցնում է հեղինակներից ունենալ երաժշտական ստեղծագործություններն օգտագործելու թույլտվություն (տես` Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) և վերջիններիս վճարել հեղինակային վարձատրություն (տես` Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս) այդ ստեղծագործություններն օգտագործելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր կամ որևէ այլ ընկերության համար անհնար կլիներ գտնել և ստանալ թույլտվություններ բոլոր այն հայ կամ օտարերկրյա հեղինակներից, որոնց երաժշտական ստեղծագործությունները հրապարակայնորեն կատարվում են տարբեր համերգների շրջանակներում, ինչպես բոլոր այլ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործում է մի կառույց, որը հեղինակների անունից թույլատրում է օգտագործել վերջիններիս ստեղծագործությունները և օգտագործողներից հավաքում ու հեղինակներին է փոխանցում հեղինակային վարձատրությունը:
Վերոնշյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է Օրենքի 63-րդ հոդվածի հիման վրա 2001 թվականին մի շարք հայ հեղինակների կողմից ստեղծված «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում հանդիսանում է Օրենքով նախատեսված միակ կազմակերպությունը, որն իրավասու է հավաքել և հեղինակներին փոխանցել հավաքված հեղինակային վարձատրությունը Հայաստանում գործող բոլոր օգտագործողներից (ռադիոներ, հեռուստաընկերություններ, ռեստորաններ, սրճարաններ և այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ հնչում է որևէ երգ կամ երաժշտություն)` անկախ երգերի խոսքերի կամ երաժշտության հեղինակի ազգությունից, քաղաքացիությունից, գործունեության (բնակության) վայրից և անկախ կրիչից (լազերային սկավառակ, CD, DVD և այլն) կամ սարքավորումից (CD նվագարկիչ, համակարգիչ, ռադիո և այլն), որտեղից կամ որի միջոցով հնչում է ստեղծագործությունը (տես` 29.07.2013թ. Մտավոր սեփականության գործակալության կողմից տրված գրությունը):
Թատերականացված, էստրադային, ամանորյա հանդեսների, պարահանդեսների, վարիետե ծրագրերի և այլ համերգների համար ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված լիցենզիայի (թույլտվության) արժեքը (հեղինակային վարձատրության չափը) կազմում է մուտքի գումարի (հասույթի) 5 տոկոսը (ամբողջ ծրագրի համար): Լիցենզային պայամանգրի ստորագրումը Ձեր ընկերությանը ոչ միայն զերծ կպահի հեղինակների իրավունքները խախտելուց, այլ նաև կպաշտպանի որևէ առանձին հեղինակի հնարավոր ապագա պահանջներից:
ՀԱՅՀԵՂԻՆԱԿը 40-ից ավել նույնատիպ օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր և ստացել է իրավունք Հայաստանում ներկայացնելու վերջիններիս՝ մի քանի միլիոն հեղինակների շահերը: Մասնավորապես, ՀԱՅՀԵՂԻՆԱԿը իրավունք է ստացել երրորդ անձանց թույլատրել օգտագործել օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները, հավաքել հեղինակային վարձատրությունը (հոնորարները) և փոխանցել այն օտարերկրյա կազմակերպություններին, որոնք ներկայացնում են տվյալ օտարերկրյա հեղինակների շահերը: Նույնկերպ, օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանից դուրս հավաքում են հայ հեղինակների հեղինակային վարձատրությունները, փոխանցում ՀԱՅՀԵՂԻՆԱԿին, իսկ վերջինս դրանք փոխանցում է իր անդամ-հեղինակներին: Սա աշխարհում միակ գործող միջոցն է տարբեր երկրների հեղինակների շահերը փոխադարձության սկզբունքով ներկայացնելու համար:
Եթե Դուք առաջին անգամ եք լսում ՀԱՅՀԵՂԻՆԱԿի և (կամ) վերոգրյալի մասին, ապա մենք սիրով պատրաստ ենք հանդիպել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի հետ և պարզաբանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը:
Խնդրում ենք նաև ի նկատի ունենալ, որ մինչև համերգի կազմակերպումը լիցենզային պայմանագիր չկնքելու և օրենքով նախատեսված թույլտվություն ՀԱՅՀԵՂԻՆԱԿից ձեռք չբերելու դեպքում, ՀԱՅՀԵՂԻՆԱԿը ստիպված կլինի դիմել իրավապահ մարմիններին և (կամ) հայց ներկայացնել դատարան համերգի կազմակերպչի դեմ և պահանջել հասցված բոլոր վնասների (այդ թվում դատական և փաստաբանական ծախսերի) հատուցում:
Այս նամակի բովանդակության և (կամ) ՀԱՅՀԵՂԻՆԱԿի գործունեության վերաբերյալ որևէ հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպություն:
Կանխավ շնորհակալություն Ձեր համագործակցության համար:
Հարգանքով,
Սուսաննա Ներսիսյան
Գլխավոր տնօրեն