Լրացավ Վիլլի Վայների 60-ամյակը
Նմբ 25, 2015ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյաններին նվիրված համերգ:
Հոբելյանական համերգի ընթացքում ներկայացվել են կոմպոզիտորի վերջին տարիների ստեղծագործությունները՝ Լևոն Մալխասյանի, Վահան Արծրունու, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Աննա Մայիլյանի, Հայկ Մելիքյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան/ և այլոց կատարմամբ:
Կոմպոզիտոր Վիլլի Վայները հայ արդի երաժշտարվեստում նկատելի ներդրում ունեցող անձանցից է, վառ անհատականությամբ և ստեղծագործական գործունեությամբ իր արժանի տեղն է գրավել հայաստանյան մշակութային կյանքում:
Վիլլի Վայները ծնվել է Երևանում 1955 թվականին: 1974-1979 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` պրոֆեսոր Ժան Տեր-Մերգերյանի ջութակի դասարանը: Լինելով հիանալի երաժիշտ-կատարող, ունի ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ որպես ջութակահար, երգիչ, կոմպոզիտոր: Նա մի շարք կամերային, գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է: Կոմպոզիտորը ստեղծել է նաև դասական հրեական նվագախմբային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որը ներկայացված է երեք հեղինակային ալբոմներով` «Ելից», «Երազանք» և «Իմ ժողովուրդ»:
Վիլլի Վայների հասարակական գործունեությունը ևս արժանի է ուշադրության: 1992-1995 թվականներին ղեկավարել է Հայաստանում հրեական համայնքը, 1994 թվականին հիմնել է «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը: Մինչ օրս նրա գլխավորությամբ անցկացվում են փառատոներ, համերգներ և այլ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Երկրի մշակույթի բնագավառում ներդրած երկարամյա նշանակալի ավանդի համար 2008 թվականին կոմպոզիտորն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Հայ դասական երաժշտարվեստի զարգացման, համամարդկային մշակութային արժեքների տարածման միջոցով հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանի առթիվ 2014 թվականին Վիլլի Վայները պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: